Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ներքաղաքական պայքարի նույնիսկ կարևոր գործընթացները չպետք է ստվերեն բանակի հեղինակությունը»

«Ներքաղաքական պայքարի նույնիսկ կարևոր գործընթացները չպետք է ստվերեն բանակի հեղինակությունը»
03.07.2018 | 12:23

«Իրատեսի» հարցերին պատասխանում է քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական ԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

-Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում կարծիքներ են հնչում, թե Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշման կոշտացումը պայմանավորված է ՀՀ ներքաղաքական փոփոխություններով:
-Հայաստանում ընթացող թավշյա հեղափոխությունից անկախ, Ադրբեջանի նպատակների տրամաբանությունը չի փոխվել, այն է` իրենց կարծիքով հարմար պահին պատերազմի միջոցով լուծել հայերի հետ հակամարտությունը: Այլ խնդիր է, որ այսօր մեր երկրում հայտնի քաղաքական փոփոխություններից հետո առաջացած հսկայական դրական լիցքը էապես ավելացնում է հնարավոր պատերազմում մեր հաղթանակի հավանականությունը, բայց դա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր մտադրությունից: Մեզ համար Ադրբեջանի հավակնությունները նորություն չեն, այդ պատճառով էլ իշխանությունը պետք է միշտ պատրաստ լինի ու հասարակությանն էլ պատրաստ պահի հնարավոր պատերազմին: Թերևս սա է պատերազմից խուսափելու միակ եղանակը:
-Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զորքերի ակտիվացում է սկսվել: Գուցե Ադրբեջանը հո՞ղ է նախապատրաստում մարտական գործողությունների վերսկսման համար:
-Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ սկսել է Նախիջևանի ինտենսիվ ռազմականացումը դեռևս 2012 թվականից, երբ մի շարք կադրային և կառուցվածքային փոփոխություններից հետո կազմավորվեց առանձին համազորային բանակ: Ներկայումս Նախիջևանում, ըստ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների, տեղակայված են մոտ 20 000 զինվոր, 400 զրահամեքենա, ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանային համակարգեր: Եթե Նախիջևանը նախորդ պատերազմում ռազմավարական տեսակետից փոքր դերակատարում ուներ, ապա այժմ, փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում, կարող է դառնալ ընդհանուր ռազմաճակատի մաս: Ապագա հնարավոր հակամարտության մեջ՝ նույնիսկ առանց Նախիջևանի ներքաշման, վերջինս կարևոր դեր է խաղալու այն իմաստով, որ այդ հատվածում Հայաստանը ստիպված է լինելու հավելյալ զորամիավորումներ պահել: Միաժամանակ, հակամարտության վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է օգտագործել Նախիջևանի տարածքը Հայաստանի խորքում ռազմավարական թիրախներ խոցելու, Երևանին համազարկային կրակի համալիրներով հարվածներ հասցնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության հետ կապող մայրուղին թիրախավորելու և այլ նպատակներով: Պետք չէ բացառել նաև համապատասխան աշխարհաքաղաքական հանգամանքների առկայության պարագայում Թուրքիայի անմիջական միջամտությունը ռազմական գործողություններին:
-Այս իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի գործողությունները:
-Կարծում եմ՝ մեր քայլերը պետք է ներառեն տվյալ ուղղությամբ սպառնալիքների հավանականության ճշգրտումը, համարժեք հակազդման քաղաքականության մշակումը, համապատասխան ռեսուրսների ապահովումը և այլն: Պետք է նաև դիտարկել ՀԱՊԿ-ի ստանձնած պարտավորությունների կատարման խնդիրը: Հարկ է նշել, որ վերջին շրջանում Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածության նվազեցումը կամ դիրքերի առաջ տալը կարող է լինել նաև ՀԱՊԿ-ում մեր նկատմամբ իրական վերաբերմունքի ստուգման միջոց, ուստի շատ կարևոր է ուժեղացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև դրանից դուրս մեր երկկողմ ու բազմակողմ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը:
Իրավիճակի հետ կապված ևս մեկ դիտարկում կցանկանայի անել. պատմականորեն ստացվել է այնպես, որ հայկական բանակը նորից կարող է հայտնվել մեր ազգային խնդիրների լուծման կիզակետում: Այն պետության և հասարակության աջակցության կարիքն ունի, և ներքաղաքական պայքարի նույնիսկ կարևոր գործընթացները չպետք է ստվերեն բանակի հեղինակությունը:
-Ներկայումս Հայաստանն առերեսվում է բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների: Հետևաբար անվտանգության ոլորտում ինչպե՞ս պետք է որոշեն, թե դրանցից որոնք են առաջնայինները:
-Անվտանգության ռազմավարական մակարդակի պատասխանատուների դիրքորոշումներում հստակորեն պետք է շեշտադրվեն անվտանգային առաջնայնությունները, որոշակիորեն տարանջատվեն պատերազմի գոյութենական մարտահրավերները կոռուպցիայի, ժողովրդավարության, ազատ և արդար ընտրությունների խնդիրներից: Մինչդեռ պատերազմի վերսկսման վտանգի պայմաններում գտնվող երկրում երբեմն ականատես ենք լինում անվտանգության խնդիրների վերաբերյալ ծայրահեղ-ազատական տրամախոսության, ինչն ինքնին արդեն վտանգավոր է, քանի որ հանրության համար պարունակում է ուտոպիստական հաղորդագրություններ և կարող է անհարկի ոգևորել հակառակորդին: ՈՒստի, անվտանգության պատասխանատուներին ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ այնքան նրանց քաղաքական նախասիրությունները, որքան արհեստավարժությունը, աշխատանքային երկարատև փորձը, այդ թվում՝ դրսի գործընկերների հետ արդյունավետ աշխատելու ունակությունը:

Զրույցը՝ Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ